ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՇՈւԿԱՅԻ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՈւՄԸ

2022թ-ի փետրվարի 1-ից Հայաստանի էլեկտրաէներգիայի շուկան ազատականացվել է: Շուկայում վերացվել է արտադրված էլեկտրաէներգիան ամբողջությամբ մեկ անձի կողմից գնելու և վաճառելու մենաշնորհը և հայտնվել են նոր խաղացողներ:

ՀՀ Էլեկտրաէներգետիկական շուկայի կառավարման ծրագիրը ստեղծվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող Շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի ծրագրի շրջանակում՝ «Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ» ընկերության կողմից: Շուկայի ազատականացման նախապատրաստական փուլը տևել է չորս տարի՝ 2018-2022թթ.:

Էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման առավելությունները

Էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացմամբ՝ նախկին մոդելը, որը ենթադրում էր մեկ գնորդ և մեկ վաճառող, այլևս չի գործում։ Եթե նախկինում «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն էր բոլոր արտադրողներից գնում էլեկտրաէներգիան և վաճառում սպառողներին, ապա այժմ այլ ընկերություններ ևս կան շուկայում։ Էլեկտրաէներգիան, որպես ապրանք, դարձել է առևտրի առարկա: Սա սպառողին հնարավորություն է տալիս էլեկտրաէներգիա գնել մրցակցային շուկայից՝ իրեն հարմար պայմաններով։ Էլկտրաէներգիայի շուկայի ազատականացումն առաջին հերթին ազատ և արդար գնագոյացման մեխանիզմների ստեղծումն է: Եթե նախկինում բոլորին էլեկտրաէներգիան վաճառվում էր նույն՝ միջինացված գնով, ազատականացված շուկայում այլևս այդպես չէ։ Նոր խաղացողները ավելի շահավետ առաջարկներ են ներկայացնում սպառողին:

Առուվաճառքի գործընթացը

Էլեկտրաէներգիայի առևտուրը իրականացվում է Շուկայի կառավարման ծրագրի միջոցով, որը վերահսկվում է Շուկայի օպերատորի ՝ «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի կողմից: Շուկայի օպերատորը շահագործում և սպասարկում է ծրագիրը, իրականացնում է մասնակիցների՝ ծրագիր մուտքի և ելքի, հաշվեկշռման պատասխանատվության կարգավիճակի տրամադրման և փոփոխման հետ կապված գործառույթները, ամրագրում է մասնակցի էլեկտրական էներգիա գնելու, ներկրելու, վաճառելու և ծառայություններ ստանալու սահմանաչափերը, գրանցում մասնակիցների հայտերը և հաշվառում գործարքները, հաշվառում առևտրի մասնակիցների կողմից գնված և վաճառված էլեկտրական էներգիայի քանակը և իրականացնում անհրաժեշտ այլ գործառույթներ մեծածախ շուկայի բոլոր բաղադրիչներում: Շուկայի օպերատորը կազմակերպում է նաև օր-առաջ շուկայի բնականոն աշխատանքը, որտեղ գինը ձևավորվում է առաջարկի և պահանջարկի հիման վրա և սպառողը իրեն անհրաժեշտ ծավալի էլեկտրաէներգիան գնում է անմիջապես օգտագործելուց մեկ օր առաջ: Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում առևտուր իրականացնելու համար շուկայի մասնակիցներն առցանց գրանցվում են Շուկայի կառավարման ծրագրում, ներկայացնում հայտեր, կնքում պայմանագրեր, հետևում փաստացի հաշվառման տվյալներին, ստորագրում վճարման անդորրագրերը: Այսինքն՝ ամբողջ առևտրային գործընթացն իրականացնում են մեկ հարթակում:

Նոր շուկայում էլեկտրաէներգիա վաճառողները ու գնորդները

Ազատ շուկան իր հետ բերել է նոր խաղացողներ, որոնք կոչվում են մատակարարներ և թրեյդերներ։ Առաջինները զբաղվելու են էլեկտրաէներգիայի մեծածախ և մանրածախ առևտրով, երկրորդները՝ միայն մեծածախ առևտրով, այդ թվում՝ ներկրում-արտահանմամբ։ 2023թ.-ի փետրվարի 1-ից մեծածախ շուկայում առևտուր իրականացնելը պարտադիր է տարեկան 1 մլն կՎտ ժամ և ավելի սպառում ունեցող և 110 կՎ և բարձր լարմամբ սնվող սպառողների համար: Այդ սպառողների գերակշիռ մասը 2022թ. ընթացքում արդեն իսկ գրանցվել եւ գործունեություն էին ծավալել շուկայում: Մինչև 2025թ.-ը շուկայում պարտադիր մասնակից կդառնան 1 մլն կՎտժ և ավելի սպառում ունեցող բոլոր սպառողները։

Պետության կարգավորումները և սակագները

Ազատականացված շուկայում էլեկտրաէներգիայի գները չեն կարգավորվում՝ պայմանագրային են: Սակագնային կարգավորումները տարածվում են միայն այն սպառողների վրա, որոնք, համաձայն կանոնների, չեն ընտրել իրենց համար մատակարար կազմակերպություն և շարունակում են օգտվել Երաշխավորված մատակարարի («Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի) ծառայություններից:

Այսպիսով՝ ազատականացումը էլեկտրաէներգիայի շուկան դարձնում է առավել մրցակցային, ճկուն և հարմար բոլոր մասնակիցների տեսանկյունից, ինչպես նաև ձևավորում է նոր բիզնես դաշտ՝ նոր աշխատատեղեր ստեղծելու համար: